Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Կապս գյուղից ավելի քան 40 ընտանիք է հեռացել


Շիրակի մարզի Կապս գյուղից ավելի քան 40 ընտանիք է հեռացել
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Կապս գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, գյուղացիները մեծ դժվարությամբ են հոգում իրենց ապրուստը, ապավինում են արտագնա աշխատանքի մեկնած իրենց ընտանիքի անդամների ուղարկած գումարներով:

Գյուղը գազիֆիկացված է, բայց կապսեցիներից ոչ մեկը գազով չի ձեռուցում տունը. աթար ու փայտ են հավաքել: Կապսում կատակում են` անասնապահությամբ զբաղվելու միակ եկամուտը աթարն է:

Կապսեցիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ: «Ազատության» հետ զրույցներում, սակայն, բողոքում են. - «Հեչ օգուտ չկա, խոտը առնում ենք, այստեղ արոտավայրեր չունենք»:

Կապսում մնացած ընտանիքների մեծ մասի ապրուստի միակ միջոցը արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարներն են:

Գյուղացիների խոսքով` գյուղի բնակչության կեսից ավելին դրսում է: Համայնքի ավագանում անդամ Գևորգ Քոչարյանն ասաց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում չորս տասնյակից ավելի ընտանիք է հեռացել գյուղից:

Արտագաղթն այսօր էլ շարունակվում է: «Բանակում ծառային էկան էրկու տղես, թողին գնացին: Էս տարի գնացել են, էլ չեն գալու: Գարունն էլ մենք ենք երթում` մարդ ու կին, դռները փակում ենք, էրթանք», - ասաց միջին տարիքի մի տղամարդ` շարունակելով. - «Եթե ղեկավարության ձեռ է տալիս էս վիճակը… Թող էն ձևի ըներ, որ ես մեծ հաճույքով մնայի, ոչ թե փախնեի: Հո չեմ գնում, փախնում եմ»:

Այս կապսեցին հոռետեսորեն է տրամադրված. հարցին, թե ինչ պետք է անեն իշխանությունները, որ իրենք չարտագաղթեն, նա պատասխանեց. - «Իրենք չունեն այդ ծրագիրը, էս կառավարությունը չունի: Գալողն էլ չի կըրնա, նրանք էլ են սուտ խոսում»:

Իսկ 85-ամյա Էլյա տատն ասաց. - «Մարդուն տեր չկա, որն ընկավ` հողը վրեն են տալիս…Էրեխես էլ տարին տասերկու ամիս դուրսն ա, Յակուտիա: Ինչի՞ առողջությունը կորցնի երեխես, ինչի՞ ստեղ աշխատանք չըլի: Արհեստավոր տղա է, հազար հունար ունի տղես: Անտերություն ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG