Մատչելիության հղումներ

Հայաստանը` մարդկանց թրաֆիքինգի դեմ առավել հաջող պայքարող երկրների շարքում


ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացնում է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 19-ը հունիսի, 2013թ.
ԱՄՆ - Պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացնում է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 19-ը հունիսի, 2013թ.
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013 թվականի ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են, եւ դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: Այդ մասին այսօր տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության արդյունավետ ջանքերի շնորհիվ, որոնք համակարգվում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ղեկավարության ներքո գործող խորհրդի կողմից, Հայաստանը կարողացավ տեղ գտնել 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ առավել հաջող պայքար ծավալող երկրներից մեկն աշխարհում», - ասված է ամերիկյան դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հայաստանում Միացյալ Նահանգներ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձ է կատարել այս փաստին իր տեսաուղերձում, որը ներկայացված է դեսպանատան կայքում եւ ֆեյսբուքյան էջում:

«Շնորհավորանքներս Հայաստանին թրաֆիքինգի դեմ պայքարելու իր կուռ հանձնառության համար», - հայտարարում է դեսպան Հեֆերնը: - «Իր ջանքերի շնորհիվ Հայաստանը տեղ է գտել դասակարգման 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարվում է միջազգային այս չարիքի դեմ ամենահաջող պայքար ծավալող երկրներից մեկը աշխարհում»:

Մարդկանց թրաֆիքինգի մասին Պետքարտուղարության զեկույցն այն հիմնական դիվանագիտական գործիքն է, որով Միացյալ Նահանգների կառավարությունը ներգրավում է օտարերկրյա պետություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: Զեկույցը ներկայացնում է համընդհանուր վերլուծություն մարդկանց թրաֆիքինգի բնույթի ու ծավալների մասին ողջ աշխարհում եւ պետությունների կողմից ձեռնարկվող գործողությունների լայն շրջանակը, որն ուղղված է խնդրի վերացմանն ու դրա դեմ պայքարին:

Այս զեկույցի եւ Միացյալ Նահանգների հակաթրաֆիքինգային քաղաքականության անմիջական նպատակն է զոհերին ազատելը, թրաֆիքինգը կանխարգելելը եւ թրաֆիքինգ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելը, ասված է հաղորդագրությունում:

Մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում Պետդեպարտամենտը իրականացնում է երկրների դասակարգում երեք խմբերում՝ դիտարկելով տվյալ պետության ջանքերը «թրաֆիքինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտների» ապահովման մասով:

«Արդեն հինգ տարի անընդմեջ Հայաստանի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության, ինչպես նաեւ դրա իրականացման ուղղությամբ», - ասված է Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրությունում: - «Մարդկանց թրաֆիքինգի հարցերով նախարարական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է իր սերտ ու ամուր աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների եւ տարածաշրջանային գործընկերների հետ: 2012 թվականի ընթացքում արձանագրվել է թրաֆիքինգի գործերով քննությունների ու քրեական հետապնդումների ավելացում, ընդ որում մեղավորների նկատմամբ կիրառվել են խիստ պատժամիջոցներ եւ չեն կայացվել պայմանական ազատազրկման վճիռներ»:

Թեպետ առաջին խումբը ամենաբարձր վարկանիշն է, սակայն, ինչպես ընդգծում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, դա չի նշանակում, որ երկրում թրաֆիքինգի խնդիր գոյություն չունի: «Ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ տվյալ պետությունն ընդունում է, որ խնդիրը կա, նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ եւ բավարարում է որոշակի ստանդարտների», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG