Մատչելիության հղումներ

ԽՍՀՄ-ի ժամանակներից փակված Ճոճկանի թունավոր պոչամբարը կարող է կրկին շահագործվել


«Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը պատրաստվում է շահագործման հանձնել 35 տարի առաջ կառուցված Ճոճկանի պոչամբարը:

Այրում եւ Ճոճկան գյուղերի սահմանագծում շուրջ 5 հեկտար տարածքով փռված է հանքարդյունաբերության թափոնների կուտակման վայրը: 22 միլիոն խորանարդ մետր ծավալով թունավոր նյութեր պարունակող պոչամբարը խորհրդային տարիներից պատկանում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին: 20 տարի առաջ խորհրդային իշխանությունները դադարեցրեցին այն շահագործել՝ թափոններով լցվելու պատճառով: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պոչամբարը մնաց բացված վիճակով՝ վտանգելով շրջակա միջավայրը:

Ընկերությունում ասում են, թե պոչամբարի միջոցով ընկերությունը լուծելու է եւ՛ բնապահպանական, եւ՛ տնտեսական հարցեր: Ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրել է, թե Ճոճկանի պոչամբարը մինչեւ 35 տարի կարող է շահագործվել:

Մինչդեռ, բնապահպաններն ահազանգում են պոչամբարի հետագա շահագործման վտանգների մասին՝ հարցնելով, թե եթե ժամանակին պոչամբարը փակվել է, որովհետեւ այնտեղ թաղված են չափազանց մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որքանո՞վ է ճիշտ դրա հետագա շահագործումը։

«Համաձայն օրենքի՝ ընկերությունը պետք է հասարակական լսում անցկացներ բնակչության ու բնապահպանների համար՝ պարզաբանելով, թե ինչ մեթոդներով է պատրաստվում շահագործել պոչամբարն ու ներկայացնել երաշխիքներ՝ վտանգների կանխարգելման համար: Բայց այն որեւէ լսում չի անցկացրել՝ մենք տեղյակ չենք այդ ծրագրի մասին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զարաֆյանը։

Ճոճկանի բնակիչները եւս հաստատում են, թե որեւէ հասարակական լսման չեն մասնակցել ու տեղյակ չեն պոչամբարի պարունակության ու վտանգների մասին:

Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը պատմում է, որ երբեմն պոչամբարի ջրերը հայտնվում են գյուղի ոռոգման ջրում, քանի որ գյուղի հողերը սնող ոռոգման ջրերն անցնում են պոչամբարին մոտ տարածքով:

Ճոճկանեցի Մհեր Լորսաբյանի անասունները մի քանի տարի առաջ սատկել են պոչամբարի տարածքում արածելիս: 50-ամյա ճոճկանեցին պոչամբարին մոտ հատվածում հողատարածք ուներ։ - «Հողերս ջրելիս մեկ-մեկ էդ ջրերով էի ջրում, ու բերքը փչանում էր», - պատմում է նա։

Մինչ բնապահպաններն ահազանգում են առայժմ չշահագործվող պոչամբարի վտանգավորության մասին՝ «Մեթըլ Փրինս» ընկերության պաշտոնական ինտերնետային էջում նշվում է, թե «տարբեր մասնագիտական եզրակացությունների համաձայն` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը բնապահպանական տեսանկյունից վտանգ չի ներկայացնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG