Մատչելիության հղումներ

Սիդնեյ Պոլլակին հաջողվեց այն, ինչ չկարողացավ անել Ալֆրեդ Հիչքոքը


ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ թույլատրվել է այդ կազմակերպության՝ Նյու Յուրքում գտնվող կենտրոնակայանում նկարահանել գեղարվեստական կինոնկար:

Աշխարհահռչակ ռեժիսոր Սիդնեյ Պոլլակը արդեն սկսել է «Թարգմանչուհին» գեղարվեստական կինոնկարի նկարահանումները: Տաղանդավոր արվեստագետի նոր աշխատանքում գլխավոր դերերում նկարահանվում են Հոլիվուդի հանրահայտ աստղեր Նիկոլ Քիդմանը եւ Շոն Պեննը: Քիդմանի հերոսուհին թարգմանչուհի է ՄԱԿ-ի կենտրոնակայանում եւ նրան պատահաբար հայտնի է դառնում, որ նախապատրաստվում է իր ծննդավայր երկրի առաջնորդի սպանությունը: Հատուկ ծառայության աշխատակիցը, որի դերը խաղալու է Պեննը, փորձում է խանգարել դրան:

Կինոնկարի նկարահանումները դեռ նոր են սկսվել, սակայն Սիդնեյ Պոլլակը արդեն ստացել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում նկարահանելու իրավունքը: Ժամանակին այստեղ գեղարվեստական կինոնկար նկարահանելու ձախողված փորձ էր կատարել կինոյում «սարսափի» ուղղության հիմնադիր Ալֆրեդ Հիչքոքը:

Պոլլակի նոր աշխատանքը հանդիսատեսի դատին կներկայացվի տարեվերջին:

Շարունակվում են, մինչդեռ, Մել Գիբսոնի՝ մեծ աղմուկ հանած «Քրիստոսի տառապանքը» կինոնկարի պրեմիերաները աշխարհի տարբեր երկրներում: Մարտի 18-ին «Քրիստոսի տառապանք»-ը կներկայացվի Գերմանիայում: Հակասեմիտիզմի նկատմամբ խիստ նրբազգաց այս երկրում այդ առիթով մտահոգություն են հնչեցրել հոգեւոր եւ մշակութային որոշ գործիչներ:

«Մենք չենք կարող թույլ տալ մի կինոնկարի ցուցադրություն, որը դիտելուց հետո երիտասարդների մոտ համոզվածություն կառաջանա, որ Հիսուսին սպանել են հրեաները», - ասել է Գերմանիայի հրեական խորհրդի նախկին փոխնախագահը: Կինոնկարում ներկայացվող դաժան տեսարանների կապակցությամբ մտահոգություն է հայտնել Համբուրգի կաթոլիկ արքեպիսկոպոսը:

Պաշտոնական Վատիկանը, այդուհանդերձ, որեւէ տեսակետ չի հայտնելու: Վատիկանի խոսնակը ասել է, որ Հովհաննես Պողոս երկրորդ պապը չի կարծում, թե Մել Գիբսոնի կինոնկարը հակահրեական է:

«Հռոմի պապը դիտել է կինոնկարը եւ չի մեկնաբանել այն», - ասել է խոսնակը: - «Իսկ Վատիկանի վերնախավի լռությունը խոսուն է»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG